Ամառը ոչ միայն հանգստի և արձակուրդների, այլև առողջության նկատմամբ առավել ուշադիր լինելու ժամանակաշրջան է։ Որքա՞ն ջուր պետք է խմել շոգ օրերին, ե՞րբ է վտանգավոր արևի տակ մնալը, ինչպե՞ս խուսափել ջերմային հարվածից և արդյո՞ք արևապաշտպան քսուքը անհրաժեշտ է միայն ծովափում։ Այս և ամռանը մարդկանց ամենահաճախ հուզող այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք բլից հարցուպատասխան «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ- թերապևտ Էմմա Գևորգյանի հետ։
1․ Արևապաշտպան քսուքը պետք է օգտագործել միայն ծովափո՞ւմ, թե՞ այն անհրաժեշտ է բոլորին և ամենուր՝ անկախ տարիքից և մաշկի տեսակից։
Ոչ, արևապաշտպան քսուքը անհրաժեշտ է բոլորին և ամենուր՝ անկախ տարիքից և մաշկի տեսակից։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել դրսում գտնվելուց մոտ 20 րոպե առաջ։
2․ Ամռանը պարտադի՞ր է օրական 8 բաժակ ջուր խմել։
Ոչ, պարտադիր չէ։ Ջուր օգտագործեք ըստ օրգանիզմի պահանջի՝ հաշվի առնելով եղանակը, ֆիզիկական ակտիվությունն ու առողջական վիճակը։
3․ Սառը ջուրն ու սառույցով հյութերը կարո՞ղ են վնասել առողջությանը։
Այո, կարող են։ Նշիկաբորբերի, ատամների գերզգայուն էմալ ունեցող մարդկանց և միգրենով տառապողների մոտ դրանք կարող են առաջացնել անհարմարություն կամ ցավային զգացողություններ։
4․ Շոգ եղանակին ավելի լավ է օդորակի՞չը, թե՞ բաց պատուհանը։ Օդորակչի ի՞նչ ջերմաստիճան է համարվում անվտանգ առողջության համար։
Լավագույն տարբերակը օդորակիչի և բնական օդափոխության համատեղումն է։ Օդորակիչի անվտանգ ջերմաստիճանը համարվում է 24-26°C։
5․ Ամռանը ինչպիսի՞ հագուստն ու կոշիկն են նախընտրելի առողջության տեսանկյունից։
Նախընտրելի է կրել բաց երանգների, բնական գործվածքներից պատրաստված հագուստ։
Կոշիկները պետք է լինեն լավ օդափոխվող և ապահովեն ոտքի ճիշտ ֆիքսացիա։
6․ Ամռանը ո՞ր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն։
Հատկապես զգույշ պետք է լինեն սիրտ-անոթային հիվանդություններ, բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ, ստորին վերջույթների վարիկոզ լայնացած երակներ և միգրեն ունեցող պացիենտները։
7․ Շոգ եղանակին ե՞րբ է պետք սահմանափակել արևի տակ գտնվելը։
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց 11։00-ից մինչև 16։00-ն։
8․ Որո՞նք են ջերմային հարվածի առաջին ախտանշանները։ Ինչպե՞ս ճանաչել արևահարությունը և ի՞նչ պետք է անել դրա դեպքում։
Ջերմային հարվածի առաջին նշաններն են՝
- գլխացավ
- գլխապտույտ
- ընդհանուր թուլություն
- սրտխառնոց
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40°C
- քնկոտություն
- ուշագնացություն
Անհրաժեշտ է անմիջապես հեռանալ արևի ուղիղ ճառագայթներից, մարմնին դնել սառը սրբիչ և օգտագործել բավարար քանակությամբ հեղուկ։
9․ Սուրճն ու լիմոնադները կարո՞ղ են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը։ Ինչպե՞ս ճանաչել ջրազրկումը և ի՞նչ պետք է անել դրա դեպքում։
Այո, կարող են նպաստել ջրազրկմանը։
Ջրազրկման հիմնական նշաններն են՝
- ուժեղ ծարավի զգացում
- մեզի գույնի մգացում
- մեզի քանակի նվազում
- մաշկի չորություն
- գլխապտույտ
Անհրաժեշտ է վերականգնել օրգանիզմի ջրային բալանսը՝ օգտագործելով բավարար քանակությամբ հեղուկ։
10․ Շոգ եղանակին ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և չսահմանափակվել ինքնօգնությամբ։
Բժշկի անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 40°C
- կոորդինացիայի խանգարում
- արտահայտված քնկոտություն
- խոսքի խանգարում
- ջղաձգություններ
- կրծքավանդակի ցավ
11․ Որո՞նք են ամենատարածված սխալները, որոնք մարդիկ անում են շոգ օրերին։
- Երկար ժամանակ մնում են արևի ուղիղ ճառագայթների տակ՝ հատկապես 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
- Չեն օգտագործում բավարար քանակությամբ ջուր՝ այն փոխարինելով հյութերով կամ սուրճով։
- Կրում են մուգ գույնի և սինթետիկ նյութերից պատրաստված հագուստ։
- Չեն պահպանում ճիշտ սննդային ռեժիմը։